Թե մտածեմ ու թե ասեմ, որ չկաք,
Նույնն է, թե որ իմ լինելուն կասկածեմ,
Թե հավատամ, որ մարել եք, լույս չկա
Նույնն է, թե որ իմ արևը չտեսնեմ:
Անզորության սարդոստայնում մոլորվել,
Նմանվել եմ էն հին հավքին հազարան,
Ես կարող եմ հազար հեքիաթ հորինել,
Բայց ո՞ւմ պատմեմ և ու՞մ համար գեղգեղամ:
Ես չեմ ուզում ողբերն առած հեկեկալ.
Արցունքն հոգուն անպիտան է դարձընում,
Վիշտը տիղմ է, եթե չունի հանգրվան,
Թե ինչ-որ տեղ չի վերջանում ու հանգչում:
Աշխարհն ինձնից ո՞ր կածանով է փախչում,
Պատրանքներն այս ո՞վ է շարում իմ առաջ,
Կյանքի դերը այնքան հեշտ եմ մոռանում,
Որ ինքս ինձ հաճախ գտնում եմ մեռած:
Բայց հառնում եմ Որդու նման այն կորած,
Ով մոգի պես պտտվում է իմ հոգում,
Շրջապտույտ՝ հավերժական ու անկանգ,
Ուր էլ գնանք՝ մեկ է քո մեջ ենք ծնվում:
Թե մտածեմ ու թե ասեմ, որ չկաք,
Նույնն է, թե որ իմ լինելուն կասկածեմ.
Գնա՜մ, տղե՜րք, գնամ այս կյանքը կարդամ,
Եվ ապրելուս արդարացում որոնեմ:
Տարոն Գլակ
23.03.2022

